Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչով է պայմանավորված մարդու կյանքի տևողությունը…

Ինչով է պայմանավորված մարդու կյանքի տևողությունը…
22.02.2023 | 07:26

Կարելի է դիտարկել, որ երեք հիմնական դրույթ կա, որ Երկնային Նախախնամությունը պայմանավորում է մարդու երկրային կյանքի տևողությունը.


1.հավիտենական փրկություն ունենալը՝ ապաշխարության միջոցով,
2.հոգևոր կատարելագործման հարցը՝ ներքին մարդու շարունակական աճը, հոգու հղկվածությունը,
3.Առաքելության ձգտումը, կամքն ու իրագործումը, հատկապես հոգևոր առաքելության:


1.Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը (Հովհ. 3.16):


Ինչպես նշում է Սուրբ Գիրքը, Աստծո համար ամենից կարևորը մեր հավիտենական փրկություն ունենալն է, այսինքն՝ առաջին դրույթը: Աստծո համար կարևոր է, որ մարդն իր երկրային կյանքի ընթացքում կարողանա հավիտենական փրկություն ունենալ: Բոլոր մարդկանց ապաշխարության հնարավորություն է տրվում, որպեսզի հասնեն առաջին դրույթին կամ եթե հասնում են, ապա ժամանակ է տրվում, որ նաև որոշակի հաջողություն ունենան երկրորդ դրույթի մեջ՝ ըստ իրենց հավատքի: Հետևաբար, նրանց կյանքը երբեմն կարող է ձգվել նույնիսկ մինչև խոր ծերություն առաջին դրույթի կամ առաջին և երկրորդ դրույթների համար: Եթե մարդը չունի ձգտում հասնելու առաջին դրույթին և ավելի է գլորվում անդունդը, ուրեմն ամեն պահ կարող է ընդհատվել նրա կյանքը որևէ հիվանդության կամ փորձության պատճառով: Թեև մարդիկ կան, որոնք շարունակում են անուղղելի կյանք վարել և իրենց կյանքի տևողությունը ձգվում է մինչև խոր ծերություն, սակայն հիշատակելի է սբ. Պետրոս առաքյալի խոսքը, որ Աստված համբերատար շարունակում է հնարավորություն տալ. «Համբերատար է ձեր հանդեպ. քանզի չի ուզում, որ որևէ մեկը կորստյան մատնվի, այլ ուզում է, որ ամենքը ապաշխարեն» (Բ Պետրոս 3. 8-9): Ինչպես օրինակ՝ Քրիստոս կանխագիտությամբ գիտեր, որ Հուդան մատնելու էր Իրեն, սակայն առաքյալների շարքում ընդգրկեց, որպեսզի հնարավորություն տրվեր փոխվելու, փրկվելու համար: Այսինքն՝ Աստծո սերն ու ողորմությունն այնքան մեծ է, որ նախօրոք իմանալով, թե տվյալն անձն անուղղելի է, այդուհանդերձ հնարավորություն է տալիս նրան, որ այդ մարդն իր ազատ կամքով նաև փրկության հնարավորություն ունենա, թեպետ շարունակ անտեսում է լույսի ուղին և գլորվում դեպի անդունդը:


2.«Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)
Եթե մարդը ձգտում է երկրորդ դրույթին՝ հոգևոր կատարելագործմանն այնքան, որքան իր հավատքն է, մղումը, ջանքերը, կամքի գործադրումը, Երկնային Նախախնամությունն այդքանով էլ երկարաձգում է մարդու երկրավոր կյանքը, որպեսզի մարդը հասնի իր ձգտման այդ լրումին: Սբ. Պողոս առաքյալն այսպես է նշում. «Թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե» (Բ Կորնթ. 4.16): Իբրև օրինակ՝ կարելի է բերել Սբ. Անտոն Մեծին, որը խոր ծերության ժամանակ թողեց այս աշխարհը: Մյուս կողմից՝ վազորդի օրինակով կարող ենք դիտարկել, որ ամեն վազորդ որոշակի ժամանակահատվածում է հասնում միևնույն նպատակակետին, մեկն ավելի արագ, մյուսը՝ ավելի դանդաղ ժամանակամիջոցում: Այսինքն՝ երկրորդ դրույթի պարագայում, մարդը, ըստ իր հավատքի, ինչ չափով է ձգտում հոգևոր կատարելության և ինչպիսի արագությամբ: Այդուհանդերձ, երբ մարդը արժանի է դարձել առաջին դրույթին, սակայն չունի ձգտում երկրորդ դրույթի իրագործման մեջ կամ թերանում է այդ ճանապարհի մեջ և զանազան պատճառներով ավելի է կապվում այս աշխարհի ու դրա հարմարավետությունների հետ կամ հոգևոր սխալ ընթացքի մեջ է հայտնվում, ապա Երկնային Նախախնամությունը նրան թողնում է ընդհանուր նախախնամության ներքո, և մարդը կարող է ինչ-որ փորձության, պատահարի արդյունքում նույնիսկ լքել այս աշխարհը, որպեսզի չվնասվի կամ նվազի առաջին դրույթը՝ փրկվելու հնարավորությունը: Մեկ ուրիշ դեպքում, երբ մարդն ավելի վաղ հասակում արդեն հասել է երկրորդ դրույթի իր անձնական ձգտման լրումին, ապա հնարավոր է, որ որևէ դեպքի, փորձության ժամանակ մարդը լքի այս աշխարհը, քանի որ առաջնայինը հավիտենական փրկություն ունենալն է, և այն չկորցնելը կամ դրա նվազումը չեզոքացնելը:


3.«Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են» (Մատթ. 5.15)
Եթե առաջին երկու դրույթներից զատ մարդը ձգտում է իրագործել նաև որևէ աստվածահաճո առաքելություն, եթե հատկապես այն էական նշանակություն է ունենում հանրության համար և առավել ևս հոգևոր առաքելություն է, ապա Երկնային Նախախնամությունն այս պարագայում մարդուն իր հատուկ նախախնամության հովանո ներքո է պահում և համապատասխան երկրային կյանքի ժամանակ տալիս, որպեսզի իրագործվի աստվածահաճո առաքելությունը: Նշենք՝ կարելի է դիտարկել, որ յուրաքանչյուր մասնագիտություն, աշխատանք աստվածահաճո է, եթե Աստծո կամքի բարեհաճությամբ է այն իրագործվում: Սակայն եթե մարդը սկսում է թերանալ երկրորդ դրույթի մեջ, ապա Երկնային Նախախնամությունն ավելի կարևորություն է տալիս երկրորդ դրույթին, քան երրորդին, եթե իհարկե տվյալ ժամանակի մեջ տվյալ անձի իրագործվելիք, հատկապես հոգևոր առաքելությունը շատ էական չի դիտարկվում, և մարդը կարող է հեռանալ այս աշխարհից, որպեսզի չվնասի իր հոգու հղկվածության լրումը, առավել ևս հավիտենական փրկության հնարավորությունը կամ եթե այլևս չունի լուրջ կամ ճշգրիտ ձգտում անձնական հոգևոր կատարելագործման ճանապարհի մեջ:


Հետևապես, այս երեք հիմնական դրույթների ներքո կարելի է դիտարկել մարդու կյանքի տևողությունն այս աշխարհում Երկնային Նախախնամության կողմից:


Հովհաննես Մանուկյան

Դիտվել է՝ 8014

Մեկնաբանություններ